ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
Նոյեմբերի 24 - Դեկտեմբերի 19 | 2025
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
Նոյեմբերի 24 - Դեկտեմբերի 19 | 2025
2025թ. նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Փիլիսոփայության դպրոց 2025» ծրագիրը: Այս նախաձեռնությունը, որը ծնվել է հայ փիլիսոփայական համայնքի մի խումբ երիտասարդ գիտնականների կողմից, միտված է նոր մշակույթի ձևավորմանը՝ քննադատական մտածողության և փաստարկված հանրային բանավեճի մշակույթի զարգացմանը։
Ծրագրի հեղինակներն ու կազմակերպիչները ջերմորեն ողջունեցին մասնակիցներին, պատմեցին ծրագրի հիմքում ընկած գաղափարների, դպրոցի ստեղծման շարժառիթների և նպատակների մասին։ Դպրոցը նախաձեռնվել է երիտասարդների, տարբեր մասնագիտական համայնքների, ինչպես նաև հասարակական, կրթական և այլ ոլորտների ներկայացուցիչների շրջանում փիլիսոփայական, քննական և քննադատական մտածողությունները զարգացնելու նպատակով։
Դպրոցի գլխավոր նպատակն է հանրամատչելի դարձնել փիլիսոփայական գիտելիքը, ծանոթացնել հիմնարար հայեցակարգերին ու հարցադրումներին և խթանել հետաքրքրությունը փիլիսոփայության նկատմամբ։ Ծրագրի առանցքային նպատակներից մեկը փաստարկված հանրային բանավեճի մշակույթը խթանելն է։
Ծրագրի հեղինակները շեշտեցին, որ իրենք ձգտում են ոչ միայն փիլիսոփայության մասին գիտելիք տալու, այլ մտածողության մի ամբողջ համակարգ ձևավորելու։ Մենք չենք կարող իմաստալից խոսել ազգային ինքնության կամ ապագայի մասին, եթե նախապես չենք տիրապետում տրամաբանության հիմնարար գործիքներին։ Սա բանավեճի որակը բարելավելու փորձ է։
Առաջին հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց ծրագրի կառուցվածքը, որը նախատեսված է 4-շաբաթյա ինտենսիվ դասընթացի տեսքով։ Դպրոցի հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 19-ը։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 12 հանդիպում, որոնք անցկացվելու են շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 14:30-16:30-ին։ Դասընթացները ներառում են ինտերակտիվ դասախոսություններ, անհատական և խմբային վարժություններ, քննարկումներ և բանավեճեր, որոնք ուղղված են մտածելու, հիմնավորելու և հստակ արտահայտվելու գործիքակազմը ձևավորելուն։
Դասընթացը բաժանված է երեք հիմնական թեմատիկ ուղղությունների՝
Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն. Սա առաջին բլոկն է։ Թեև անվանումը կարող է մի քիչ վախեցնող թվալ, իրականում դա մտքի գործիքակազմի յուրացումն է։ Այս փուլը սովորեցնում է տարբերել փաստը կարծիքից, տեսնել փաստարկի թույլ կողմերը կամ բացահայտել մանիպուլյացիաները։ Այսինքն՝ նախ ստացվում են «զենքերը»։
Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն. Այս բլոկում մասնակիցները ստացված գործիքակազմը կկիրառեն բարդ ու կարևոր թեմաները ուսումնասիրելիս։ Բանախոսները նշեցին, որ անհնար է քննարկել կոլեկտիվ հիշողությունը, եթե նախապես պայմանավորված չեն տրամաբանության կանոնները, հակառակ դեպքում քննարկումը կվերածվի զգացմունքների բախման։
Էթիկա, պատասխանատվություն և ապագա. Երրորդ բլոկը հարցադրում է անում այն մասին, թե ինչպես կարելի է ավելի լավ որոշումներ կայացնել վաղվա համար, իմանալով, թե ինչպես ճիշտ մտածել և վերլուծել մեր անցյալը։
Հանդիպումները տեղի են ունենում ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, 3-րդ հարկի 309 լսարանում։
Կազմակերպիչները նշեցին, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն դասախոսություններով։ Որպես սովորած նյութի կիրառման և սեփական փաստարկները կառուցելու կարևոր միջոց, հայտարարվելու է էսսեների մրցույթ։ Առաջարկվող թեմատիկ ուղղությունները կհամապատասխանեն դասընթացի երեք բլոկներին։ Այս մրցույթի նպատակն է մասնակիցներին ընձեռել հնարավորություն կիրառել բանախոսությունների արդյունքում յուրացրած գիտելիքներն ու պրակտիկ գործիքները տարբեր թեմաների վերաբերյալ իրենց տեսակետերն ու փաստարկներն արտահայտելիս։
Հանդիպման սկզբում մասնակիցներին ներկայացված նաև նախադասընթացային հարցաշարը, որը նպատակ ունի ստուգելու ծրագրի երեք հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ մասնակիցների գիտելիքները ծրագրի մեկնարկին։
Առաջին հանդիպման ամենահետաքրքիր պահերից մեկը հարցուպատասխանի հատվածն էր։ Այնտեղ իրար էին խառնվում կազմակերպչական հարցեր (օրինակ՝ դասընթացների օրերը աշխատանքի հետ համատեղելու մասին կամ համալսարանական դասերին չխանգարելու մասին հարցերը), և խորը փիլիսոփայական հարցադրումները։ Մասնակիցները բարձրացրին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Արդյո՞ք կենդանիներն ունեն գիտակցական» կամ «Որքա՞նով է արդիական փիլիսոփայությունը մեր օրերում»։ Մի պահ նույնիսկ հնչեց այնպիսի արմատական հարց, ինչպես՝ «Իսկ դուք որքանո՞վ եք վստահ, որ գոյություն ունեք»։
Հենց այդ պահերին զգացվեց, որ «Փիլիսոփայության դպրոց 2025»-ը սովորական դասախոսությունների վայր չէ, այլ մի հարթակ, որտեղ կարելի է տալ ամենահամարձակ և ամենաբարդ հարցերը։ Այդպիսի հարցադրումները ցույց են տալիս, որ մարդիկ եկել են ոչ թե պատրաստի պատասխաններ ստանալու, այլ ճիշտ հարցեր տալ սովորելու։
«Փիլիսոփայության դպրոց 2025»-ի երկրորդ հանդիպումը նվիրված էր այն հիմնարար գործիքակազմին, որն անհրաժեշտ է փիլիսոփայական մտածողության և փաստարկված գրավոր խոսքի զարգացման համար։ Հանդիպման բանախոսներն էին Դավիթ Աքելյանը և Հարություն Մանվելյանը։
Հանդիպումը սկսվեց ծրագրի վերաբերյալ մասնակիցների ակնկալիքների, ներդրումների և մտահոգությունների հավաքագրմամբ։ Սա նպաստեց համատեղ աշխատանքի մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի դասընթացավարները ճիշտ հասկանան մասնակիցների կարիքները, և դասընթացը կարողանա անընդհատ բարելավվել։
Բանախոսներն անցկացրին ծանոթացման խաղ, որտեղ խմբերը փորձում էին գտնել երեք փիլիսոփայական գաղափար, որոնք միավորում են իրենց։ Այնուհետև, ամենաստեղծագործական մասերից մեկը եղավ իդեալական փիլիսոփայի կերպարի վերակառուցումը՝ քննարկելով, թե ինչ համոզմունքներ, աշխարհայացք և որակներ պետք է ունենա այդ կերպարը։
Այս քննարկումները ծառայեցին որպես տրամաբանական կամուրջ դեպի օրվա հիմնական թեման՝ Ի՞նչ է փիլիսոփայական մտածողությունը։
Փիլիսոփայական մտածողությունը հարցեր տալու, երկխոսելու և քննադատաբար մտածելու արվեստն է։ Մարդը սկսում է հասկանալ ինչ-որ բան, երբ ինքն իրեն և զրուցակցին հարցեր է տալիս, քննարկում և քննադատաբար մտածում։
Առանցքային գաղափարն այն է, որ ճշմարտությունը ոչ թե պատրաստի պատասխան է, այլ մի գործընթաց, որն ի հայտ է գալիս երկխոսության, մտքերի գրոհի, բախման, քննության, կասկածի և հարցադրումների արդյունքում։
Հատուկ ուշադրություն դարձվեց Սոկրատյան մեթոդին։ Հարցերի շարունակվող շղթայի միջոցով, երկխոսողները նախ փորձում են բացահայտել, ապա հիմնավորել իրենց համոզմունքները, պատկերացումներն ու սկզբունքները աշխարհի վերաբերյալ, որոնք ձևավորում են իրենց կենսակերպը։ Հարցուպատասխանի այս շղթան թույլ է տալիս դուրս բերել թաքնված ենթադրությունները և նախադրյալները։
Փիլիսոփայական մտածողությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են առօրյա կամ զուտ գիտական մտածողությունից:
Նպատակն ու ուղղվածությունը. Ձգտում է հասնել հիմնարար ըմբռնման՝ պարզաբանելով հասկացությունները, բացահայելով ենթադրյալները և հիմնավորելով պնդումները։
Աբստրակցիայի (վերացարկվածության) մակարդակը. Գործում է բարձր աբստրակցիայի մակարդակում, հարցադրելով «Ի՞նչ է X-ը» կամ «Ի՞նչ հիմնավորմամբ գիտենք, որ X-ը»։ Այն ընդհանրացնում է դեպքերը և ստեղծում տեսական շրջանակներ։
Հիմնավորման չափանիշները. Պահանջում է հստակ փաստարկում, մտքերի ներքին անհակասականություն, հակափաստարկների դիտարկում և հասկացությունների պարզություն։ Այն թույլ է տալիս դանդաղ առաջընթաց՝ հանուն խստապահանջության։
Մեթոդներն ու գործիքները. Կիրառում է հասկացողական վերլուծություն, փաստարկների վերակառուցում, մտավարժանքներ (thought experiments), համակարգային կասկած, տարբերակումներ և, ըստ անհրաժեշտության, ֆորմալ տրամաբանություն։
Վերաբերմունքը կասկածի և անորոշության նկատմամբ. Կասկածը դիտվում է որպես մեթոդաբանական գործիք։ Այն քննության է ենթարկում մեր իմացության և համոզմունքների հիմքերը և փորձում է կառուցել հիմնավորված կամ համահունչ նկարագիրը անորոշության մասին։
Երկարաժամկետ քննախոսություն. Այս մտածողությունը հանդուրժում է երկար քննությունը և քննարկումը, գաղափարների փուլային կամ կրկնվող կատարելագործումը։ Այն նախընտրում է բացատրական և իմաստային խորությունը, քան արագությունն ու լայն ըմբռնումը։
Ինքնահայեցողութուն և մետամտածողություն. Զբաղվում է մետամակարդակի հարցերով, անդրադառնալով հենց մտածողության գործընթացին, կողմնակալություններին, աղճատումներին, տրամաբանական խնդիրներին, սխալներին և լեզվին։
Հանրային խոսք և բանավեճ. Ձգտում է փաստարկներով պաշտպանելի դիրքորոշումների, որոնք հաղորդվում են տրամաբանված, հիմնավորված խոսքի կամ ֆորմալ փաստարկային կառուցվածքների միջոցով։ Այն գնահատում է հակափաստարկը և բանավեճը։
Մեծ ուշադրություն դարձվեց փիլիսոփայական մտածողության կիրառական կողմին՝ փիլիսոփայական էսսեի կառուցվածքին։ Փիլիսոփայական էսսեն այնպիսի տեքստ է, որտեղ մասնակիցը վերցնում է մեծ ու բարդ հարց կամ հիմնախնդիր և փորձում է հասկանալ այն՝ հնարավորին չափ հստակ, տրամաբանված ու ուշադիր մտածելով ընտրված թեզի առկա փաստարկների ու հակափաստարկների և մտքի կանոնավորության մասին։
Այստեղ չկա «քո կարծիքը»: Խնդիրը պարզապես կարծիք գրելը չէ, այլ պնդումը կամ թեզը շատ պարզ, հասկանալի փաստարկներով հիմնավորելն է։
Փիլիսոփայական էսսեն տրամաբանական կառուցվածքով տեքստ է, որտեղ ռացիոնալ փաստարկի միջոցով հիմնավորվում է այս կամ այն պնդումը։
Խնդիրը ոչ թե «գեղեցիկ և հուզիչ» տեքստ գրելն է, այլ սեփական պնդումը պարզ, հասկանալի և հիմնավոր փաստարկների միջոցով ներկայացնելը։
Էսսեի գեղեցկությունը գաղափարների մեջ է, իսկ լեզուն պարզապես գործիք է դրանք հստակ փոխանցելու համար։
Էսսեն պետք է պաշտպանի և հիմնավորի որևէ թեզ՝ տրամաբանական ու ռացիոնալ փաստարկներով։
Փաստարկային Կառուցվածքի Պահանջը. Փիլիսոփայական տեքստը պահանջում է ոչ միայն պնդումը հիմնավորող փաստարկներ (A, B, C) ներկայացնել, այլև դուրս մղել կամ հերքել հակափաստարկները (D, E, F)։ Այսինքն, պետք է ցույց տալ, թե ինչու հակառակ կարծիքները դեմ այդքան էլ ամուր չեն, և ինչու, օրինակ, D, E, F փաստարկները տեղին չեն կամ սխալ են։
Մանրամասն ներկայացվեցին կոնկրետ քայլեր, թե ինչպես գրել էսսե՝ սկսած թեմայի ընտրությունից մինչև եզրակացությունը։
Թեմայի ընտրություն. Ուսումնասիրել թեման, առնչվող հիմնական հարցերը և (հակա)փաստարկները։ Պետք է համոզվել, որ ընտրված թեզը փիլիսոփայական է, ոչ թե զուտ գիտական, որը հիմնված է էմպիրիկ տվյալների վրա (օրինակ, Գլոբալ տաքացման մասին գիտական փաստարկը դառնում է փիլիսոփայական, երբ հարց է բարձրացվում բարոյական պարտավորությունների մասին)։
Հստակ և բացահայտորեն ձևակերպված թեզիս. Էսսեի սկզբում պետք է անմիջապես և հստակ կերպով ձևակերպել այն թեզը կամ տեսակետը, որը պաշտպանվելու է։ Թեզը պետք է լինի պարզ, հստակ և հակիրճ։
Ներածություն. Ներածությունը պետք է հակիրճ լինի, բացատրի աշխատանքի կառուցվածքը, ներառի հիմնական թեզի ձևակերպումը և ներկայացնի հիմնական փաստարկների դիտանկյունները։
Սահմանումներ. Պետք է ճշգրիտ սահմանել բոլոր հիմնական հասկացությունները, եզրույթները և գաղափարները, որոնց վրա հիմնվում է քննարկվող թեզը և ներկայացվող փաստարկները։
Փաստարկներ. Ներկայացնել հստակ և հիմնական փաստարկներ, դրանք տարանջատելով սեփական և այլոց փաստարկների միջև։ Պաշտպանել դրանք քայլ առ քայլ և պատճառահետևանքային կապերի վերհանման միջոցով։
Առարկություններ. Քննարկել և ներկայացնել առնվազն մեկ լուրջ, հիմնավոր հակափաստարկ։ Այն պետք է վերլուծվի օբյեկտիվորեն և առանց կողմնակալության։ Եթե քննադատվում է փաստարկ, պետք է հստակ նշել, թե դրա որ քայլին կամ հատվածին է ուղղված քննադատությունը։
Պատասխաններ. Հակադարձել և պատասխանել առկա առարկություններին ու հակափաստարկներին։ Պաշտպանել սեփական պնդումը կամ, անհրաժեշտության դեպքում, վերանայել այն։
Օրինակներ. Օգտագործել մտափորձեր, պատկերավոր կամ տրամաբանական իրավիճակներ կամ իրական օրինակներ՝ փաստարկները փորձարկելու և դրանք պարզ ու հստակ ներկայացնելու համար։
Եզրակացություն. Պետք է հստակ ցույց տալ, թե ուր տարավ մտքի ընթացքը։ Եզրահանգումները պետք է անմիջականորեն բխեն ներկայացված նախադրյալներից և վերլուծությունից։ Պետք է անդրադառնալ թեզի պրակտիկ-տեսական նշանակությանը և այն ընդունելու կամ մերժելու հետևանքներին։
Բովանդակային և կառուցվածքային գնահատում. Համոզվել, որ տեքստն ունի համապատասխան տրամաբանական կառուցվածք։
Հանդիպման վերջում ներկայացվեցին էսսեի տեխնիկական պահանջներն ու գնահատման չափանիշները։
Ծավալը. 3-8 էջ (MS Word, A4, 2mm)։
Բովանդակային պահանջ. Ներկայացվող վերլուծությունը պետք է կազմի աշխատանքի հիմնական բովանդակության առնվազն 50% -ը, իսկ սեփական փաստարկների և/կամ վերլուծության ներկայացմանը պետք է նվիրել աշխատանքի առնվազն երկու երրորդը։
Վերջնաժամկետը. Դեկտեմբերի 12, 2025։
Գնահատման չափանիշներն են.
Թեզի ներկայացվածությունը, ուսումնասիրվածությունը և վերլուծված լինելը։
Փաստարկների կառուցվածքը։
Առարկությունների և հակափաստարկների ներկայացված և վերլուծված լինելը։
Տրամաբանական կառուցվածքի պահպանումը։
Լեզվի հստակությունը (հասկացությունների, եզրույթների ներկայացումը, ընդհանուր ընթեռնելիությունը)։
Տեխնիկական չափանիշների պահպանումը։
Արհեստական Բանականության (ԱԻ) Օգտագործումը ԱԻ-ից օգտվելը խրախուսվում է, սակայն բացառապես սահմանափակ դեպքերում՝
Թեմատիկ ուղղության, թեզի, առկա փաստարկների, մոտեցումների ուսումնասիրում։
Անհրաժեշտ գրականության հայտնաբերում։
Մեկ անգամ ԱԻ-ից ուղիղ մեջբերում կատարելու հնարավորություն՝ հղում տալով օգտագործված երկխոսության կամ ռեսուրսին։
Փիլիսոփայության դպրոց 2025-ի երրորդ հանդիպումը նվիրված էր տրամաբանական մտածողությանը։
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ անչափ հետաքրքիր բանախոսությամբ՝ ներկայացնելով դասական և ոչ դասական տրամաբանական համակարգերի տարբերությունները, տրամաբանական մտածողության առանձնահատկությունները, հաճախ հանդիպող մտքի սխալները և դրանց հաղթահարման տրամաբանական գործիքներն ու միջոցները։
Մի բան, որը հատկապես տպավորիչ էր, այն միտքն էր, որ մենք բոլորս կարծում ենք, թե տրամաբանորեն ենք մտածում, սակայն կարող է պարզվել, որ մենք բաց ենք թողնում պատկերի կեսը։ Եկեք հասկանանք, թե որն էր այդ «մյուս կեսը»։
Հանդիպումը սկսվեց տրամաբանության առարկայի և նշանակության ներկայացմամբ։ Բանախոսը հստակ տարբերակեց տրամաբանության երկու մեծ ուղղություններ՝ դասական և ոչ դասական։
Այն «կեսը», որը մենք սովորաբար մտածում ենք տրամաբանության մասին, հենց դասական տրամաբանությունն է։
Սահմանում և Առարկա. Ավանդական ձևական (արիստոտելյան) տրամաբանությունը գիտություն է մտքի ձևերի և դրանց կանոնավոր շաղկապման սկզբունքների մասին։ Այն ընդգրկում է նաև մաթեմատիկական, ձևայնացված տրամաբանությունը (ասույթների, պրեդիկատների և դասերի հաշիվները)։
Հիմնադիր և Պահանջներ. Այս գիտության հիմնադիրը մ.թ.ա. 4-րդ դարի փիլիսոփա Արիստոտելն է։ Տրամաբանության ձևավորումը պայմանավորված էր Հին Հունաստանում իմացության զարգացման և հրապարակային բանավեճերի պրակտիկ պահանջներով, ինչպիսիք էին՝ «Ինչպե՞ս ճիշտ մտածել», «Ինչպե՞ս ճիշտ շարադրել մտքերը», և «Ինչպե՞ս դա անել տպավորիչ ու ազդեցիկ»։
Մտքի Ձևեր. Մտքի ձևերը մտածողության կառուցվածքային տարրերն են, որոնց օգնությամբ ձևավորվում են կշռադատություններն ու բանական ճանաչողությունը։ Դրանք են՝ Հասկացությունը, Դատողությունը և Մտահանգումը։
Կանոնավորություն. Դասական տրամաբանության գլխավոր նպատակը մաքուր, անթերի մի կառույց ստանալն էր։ Կանոնավորությունը (ճշտությունը) մտքի ձևերի շաղկապման այն եղանակն է, որը թույլ է տալիս ճշմարիտ նախադրյալներից ստանալ ճշմարիտ եզրակացություն։
Ճշմարտություն. Ըստ համապատասխանության սկզբունքի (Արիստոտել)՝ ճշմարիտ է այն դատողությունը, որը համապատասխանում է իրականությանը։
Դասական տրամաբանության մեջ կարևորվում են մտքի ձևերը, իսկ բովանդակությունը և համատեքստը, կարծես, նշանակություն չունեն։ Այստեղ մտքի կառուցվածքն է առաջնային։ Այս համակարգը հզոր է, բայց իդեալական է աշխատում մաքուր, վերացական պայմաններում, մինչդեռ իրական կյանքում մարդիկ հազվադեպ են խոսում այդպիսի սիլոգիզմներով, հաճախ ասում են մի բան, նկատի ունենալով բոլորովին այլ բան։
Այս «մյուս կեսը», որը դուրս է մնում Արիստոտելի խիստ կանոններից, ոչ դասական տրամաբանությունն է, որի մեջ մտնում են դիալեկտիկական, տրանսցենդենտալ, բազմարժեք, կոնստրուկտիվ տրամաբանությունները և խիստ իմպլիկացիայի համակարգերը։ Այս ոլորտի կարևոր մասն է կազմում հայ փիլիսոփա Գեորգ Աբելի Բրուտյանի (1926-2015) զարգացրած փոխակերպական տրամաբանությունը։
Փոխակերպական տրամաբանությունը հենց այն տրամաբանությունն է, որը հաշվի է առնում ոչ միայն բառերը, այլև դրանց հետևի համատեքստն ու ենթատեքստը։ Այն ուսումնասիրում է ոչ թե իդեալական, այլ իրական, կենդանի լեզուն։
Փոխակերպական տրամաբանության առարկան.
Փոխակերպական տրամաբանությունն ուսումնասիրում է.
Մտքի բացահայտ և ոչ բացահայտ ձևերը։
Մտքի բացահայտ ձևերից ոչ բացահայտ ձևերի բխեցման կանոնները։
Ոչ բացահայտ ձևերի միջոցով մտքի բացահայտ ձևերի իմաստի ու նշանակության ճշգրտման սկզբունքները։
Երրորդ հանդիպման առանցքային նշանակություն ունեցավ մտքի ձևերի տարանջատումը.
Բացահայտ Մտքի Ձև. Այն ձևն է, որը ամրագրված է լեզվական միջոցներով (գրավոր կամ բանավոր խոսքի միավորներով) և ընկալելի է զրուցակցի զգայարանների համար։
Ոչ Բացահայտ Մտքի Ձև. Այն ակնհայտորեն ամրագրված չէ լեզվական միջոցներով, սակայն դրա մասին կարելի է կռահել կամ բխեցնել՝ վերլուծելով առաջադրված տեքստի համատեքստն ու ենթատեքստը։
Ոչ բացահայտ ձևերը բաժանվում են համատեքստային և ենթատեքստային։ Հենց այս գործոնները հաշվի չառնելն էլ հանգեցնում է մտքի սխալների։
Համատեքստը կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս, թե ինչպես են իրավիճակն ու թաքնված իմաստները փոխում արտահայտության նշանակությունը։
Տրամաբանական Համատեքստ. Կշռադատությունների այն համակարգն է, որի շրջանակներում գործածվում է դրույթը։
Ֆիզիկական Համատեքստ. Այն պայմաններն ու հանգամանքներն են (լսարանի կրթամակարդակը, ժողովրդագրական կազմը, քաղաքական իրավիճակը և այլն), որոնց պարագայում ներկայացվում է ելույթը։
Բանախոսը բերեց վառ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ֆիզիկական իրականությունը փոխում ամեն ինչ։
Օրինակներ.
Առանց տրամաբանական կամ ֆիզիկական համատեքստը հաշվի առնելու հնարավոր չէ միանշանակ մեկնաբանել այնպիսի դատողությունների իմաստը, ինչպես՝ «Դասախոսը գոհ մնաց լսարանից» կամ «Կիրակոսը Պետրոսին ասաց. «Համա՜ թե ավազակն ես դու»»։
Հուղարկավորության ժամանակ «բարով տեսանք» ողջույնը տեխնիկապես ճիշտ է, բայց համատեքստը դրան դարձնում է ուղղակի անհեթեթ։
«Արմենթել» ընկերության գովազդը 2007թ. շոգ ամռանը՝ «գիշեր է գալու, թեժ է լինելու»։ Տեխնիկապես ամեն ինչ ճիշտ էր, բայց ֆիզիկական համատեքստը (40 աստիճան շոգը) այդ խոստմանը տալիս էր ակնհայտ կոմիկական երանգ։
Համատեքստի վերլուծությունը թույլ է տալիս հստակեցնել ու ճշգրտել դրույթի իմաստն ու նշանակությունը։
Ենթատեքստի դեպքում մենք գործ ունենք չասված, բայց ենթադրվող իմաստների հետ։ Սա ավելի բարդ գաղափար է, որը թաքնված է հենց բառերի մեջ։
Սահմանում. Ենթատեքստը այն դատողությունների համակարգն է, որոնք թեև ակնհայտ կերպով ամրագրված չեն տեքստի լեզվական միավորների օգնությամբ, սակայն դրանք կարելի է բխեցնել լրացուցիչ վերլուծության արդյունքում։
Քաղաքական Օրինակ. Դիտարկվեց «Դատապարտում ենք 1915 թ. Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Պահանջում ենք ճանաչում և հատուցում» դրույթը։
Այս դրույթը հասկանալու համար պետք է դիտարկել ենթատեքստային իրողությունը, օրինակ՝ ՀՀ Անկախության հռչակագիրը, որի 11-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Շատերը մեկնաբանում են սա որպես իրավական հիմք ուղղակիորեն Թուրքիայից ճանաչում պահանջելու համար։ Սակայն ենթատեքստին նայելիս, «սատար կանգնելը» նշանակում է աջակցել միջազգային հանրության կողմից ճանաչման գործընթացին, ինչը պարտադիր չի նշանակում ուղիղ պահանջ ներկայացնել հենց Թուրքիային։ Այս նրբությունը չհասկանալը հանգեցնում է լուրջ տրամաբանական ու քաղաքական սխալ մեկնաբանությունների։
Քննարկվեց այն հարցը, թե արդյոք ենթատեքստի վրա հիմնվելը չի նշանակում, որ ամեն ինչ դառնում է հարաբերական։ Բանախոսը հստակեցրեց, որ վտանգ կա, եթե կամայականորեն ենթատեքստեր ենք հորինում։ Սակայն փոխակերպական տրամաբանության նպատակը ոչ թե կամայական մեկնաբանությունն է, այլ հնարավորինս ճշգրիտ վերականգնելն այն իմաստը, որը դրվել է խոսքի մեջ, հաշվի առնելով պատմական, մշակութային և լեզվական համատեքստը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ճանաչողությանը, որն ընդունված տեսակետի համաձայն՝ իրականության առարկաների և երևույթների, դրանց հատկությունների հոգեկան արտացոլումն է սուբյեկտի գիտակցության մեջ։
Ճանաչողության եղանակները երկուսն են.
Զգայական. Ներառում է Զգայությունը, Ընկալումը և Մտապատկերը։
Բանական. Ներառում է Հասկացությունը, Դատողությունը և Մտահանգումը։
Այս եղանակների վրա են հիմնված իմացաբանական երկու հիմնական ուղղությունները.
Սենսուալիզմ. Ճշմարիտ գիտելիքի հիմնական աղբյուրը համարում է զգայարանները (օրինակ՝ Ջոն Լոկ, Էպիկուր)։
Ռացիոնալիզմ. Ճշմարիտ գիտելիքի հիմնական աղբյուրը համարում է բանականությունը, վերացական-տրամաբանական մտածողությունը (օրինակ՝ Պյութագորաս, Պլատոն, Ռենե Դեկարտ, Գեորգ Հեգել)։
Այսպիսով, երրորդ հանդիպումը մեզ սովորեցրեց, որ ճիշտ մտածելը պարզապես ճիշտ կառուցված նախադասություններ շարելը չէ։ Դա նաև իրավիճակը կարդալու, չասվածը լսելու և բառերի հետևում թաքնված աշխարհը տեսնելու կարողությունն է։ Իրական վերլուծությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են բառերը։ Մասնակիցները մի շարք պրակտիկ օրինակների քննարկման միջոցով ծանոթացան մտքի ձևերին, դրանց կանոնավոր շաղկապման սկզբունքներին և բացահայտեցին կանոնավոր մտածողության էական նշանակությունը տարբեր ոլորտներում և իրավիճակներում
Մտորելու Թեմա. Փորձեք վերլուծել վերջին քաղաքական ելույթը կամ նույնիսկ ընկերական վեճը. եթե փորձեք վերլուծել ոչ թե բառացի ասվածը, այլ դրա հնարավոր համատեքստն ու թաքնված ենթատեքստը, արդյոք դրա իմաստը կտրուկ կփոխվի ձեզ համար։ Սա հենց այն գործիքն է, որը տրամադրում է տրամաբանական մտածողություն և, մասնավորապես, փոխակերպական տրամաբանությունը։
Առաջին թեմատիկ բաժնի վերջին՝ թվով չորրորդ հանդիպումը նվիրված էր Գիտելիքի հիմնավորման հիմնախնդրին։ Այս հանդիպումը, որը վարում էր Դավիթ Աքելյանը, շատ կարևոր էր, քանի որ փաստացի ամփոփեց մեր քննարկումները գիտելիքի և իմացաբանության մասին։
Հանդիպման առանցքում դրված էր մի շատ բարդ ու հիմնարար հարց՝ «Արդյո՞ք գիտելիքը պետք է լինի անսխալական»։
Հանդիպման քննարկումները պտտվում էին իմացաբանության դասական սահմանման շուրջ՝ Գիտելիքը հիմնավոր ճշմարիտ համոզմունք է (Justified True Belief)։ Որպեսզի S-ը (սուբյեկտը) իմանա P (պնդումը), պետք է ապահովված լինեն երեք պայման՝ P-ն ճշմարիտ է, S-ը համոզված է, որ P-ն ճշմարիտ է, և S-ն ունի հիմնավոր համոզմունք, որ P-ն ճշմարիտ է։
Այստեղից բխում է այն մարտահրավերը, թե արդյոք իմանալու համար (որպես հավաստի, անսխալական գիտելիք), պետք է ունենալ այնպիսի հիմնավորումներ, որոնք իրապես երաշխավորում են այդ գիտելիքը և այդպիսով բացառում են հակառակը (ոչ-Ա-ն)։
Հանդիպման ընթացքում դրված էր երկու գլխավոր հարցադրում:
Արդյո՞ք գիտելիքը որպես պայման պահանջում է անսխալականություն։
Արդյո՞ք գիտելիքի անսխալականության պայմանը հնարավոր է բավարարել։
Որպեսզի մասնակիցները զգային այս պահանջի դժվարությունը, նրանց առջև դրվեց մի խնդիր՝ ընտրել որևէ պնդում (օրինակ՝ «Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն») և փորձել հիմնավորել այն։
Ամենակարևոր պայմանն այն էր, որ յուրաքանչյուր նոր հիմնավորող պնդում իր հերթին պետք է հիմնավորվեր մեկ այլ պնդմամբ, և այդպես շարունակ։
Այս վարժությունը բերեց այսպես կոչված Հետադիմության խնդրին (Regress Problem)։ Ինչպես նշեցին մասնակիցների քննարկումները, հիմնավորումների շղթան շատերին տարավ մի վիճակի, որը կոչվում է անվերջ հետադիմություն (Ad Infinitum)։ Դա այն զգացողությունն է, երբ անընդհատ հարցնում ես, «Ի՞նչ հիմնավորմամբ ես գիտեմ, որ...», և պատասխանը տանում է դեպի հաջորդ հարցը՝ առանց երբևէ հասնելու վերջնական ամուր հիմքի։
Մասնակիցները սկսեցին հարցեր տալ իրենց իմացության աղբյուրների մասին. Ի՞նչ հիմնավորմամբ են գիտեն, որ «Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն». դպրոցական դասագրքո՞վ, պատմության ուսուցչուհո՞ւ միջոցով, հանրագիտարանո՞վ, թե՞ ֆեյսբուքյան գրառմամբ։
Հիմնավորումների շղթայի այս խնդիրը հանգեցնում է իմացաբանական երկու հիմնական մոտեցումների՝ լավատեսական և վատատեսական:
1. Լավատեսական Հայեցակարգեր (Ֆունդամենտալիզմ/Դոգմատիզմ)
Մյուս խմբերն իրենց քննարկումներում կանգ էին առնում մի փուլում, այսինքն՝ ստիպված էին լինում պարզապես ընդունել մի դրույթի ճշմարտացիությունը առանց այն հիմնավորելու՝ որպես իրենց սկզբնակետ կամ աքսիոմ։
Դասական ֆունդամենտալիզմը (հիմնարարապաշտությունը) հենց այդ մոտեցումն է։ Այն պնդում է, որ գիտելիքը պետք է հիմնված լինի բացարձակ ճշմարիտ, հիմնավոր և անսխալական իմացաբանական-գիտաբանական հիմքերի վրա։
Հիմնական գաղափարները.
Դոգմատիզմ. Մեր իմացությունում կան գիտելիքներ, որոնք իմացաբանորեն արտոնյալ են։
Ինֆալիբիլիզմ. Մեր իմացությունում կան գիտելիքներ, որոնք իմացաբանորեն անսխալական են։
Դասական ջաստիֆիկացիոնիզմը պահանջում է բացարձակ հիմնավորվածություն և անսխալականություն։
Դասական ֆունդամենտալիզմի համաձայն, բազիսային համոզմունքները պետք է ունենան այս հատկանիշները:
Անսխալականություն (Infallibility). Դրանք չեն կարող սխալ լինել կամ հերքվել։
Անուղղելիություն (Incorrigibility). Դրանք հնարավոր չէ ուղղել կամ բարելավել հետագա ապացույցներով։
Անկասկածելիություն (Indubitability). Դրանք չի կարելի ռացիոնալ կերպով կասկածի տակ դնել։
Ինքնակնհայտություն (Self-evidence). Դրանց ճշմարիտ լինելն անմիջապես ակնհայտ է։
Կարտեզյան Ինֆալիբիլիզմը դասական ֆունդամենտալիզմի վառ օրինակն է, որը հիմնվում է Ռենե Դեկարտի հայտնի թեզերի վրա:
«Ամեն բան կասկածելի է բացի այն փաստը, որ ես կասկածում եմ»։
Cogito Ergo Sum («Ես մտածում եմ (կասկածում եմ), հետևաբար գոյություն ունեմ»)։
Քանի որ Աստված ամենակարող է և ամենայն բարիքի սկիզբն ու պատճառը, Նա չէր կարող տալ մեզ ճանաչողության այնպիսի միջոցներ, որոնք մեզ ամբողջությամբ կմոլորեցնեին։
2. Վատատեսական Հայեցակարգեր (Սկեպտիցիզմ)
Եթե ընդունում ենք, որ գիտելիքը պահանջում է անսխալականություն, բայց կարծում ենք, որ այդ պայմանն անհնար է ապահովել, ապա հասնում ենք սկեպտիցիզմի եզրակացության:
«Գիտելիքը պահանջում է անսխալականություն, սակայն անսխալականության պայմանի ապահովումը հնարավոր չէ։ Հետևաբար, ողջ իմացությունը կասկածելի և անորոշ է»։
Սա բերում է այն եզրակացությանը, որ որևէ համոզմունք գիտելիք չէ, և գոյություն չունի հիմնավոր իմացություն։
Մեր քննարկումները բացահայտեցին, թե ինչու է անսխալականության պահանջը գրեթե անհնարին, հատկապես էմպիրիկ գիտելիքների համար:
Մարդկային Սխալական Բնույթ. Մենք բոլորս սխալական ենք։
Անկայուն Փորձի (Ինդուկցիայի) Խնդիրը. Էմպիրիկ գիտելիքը բնույթով սխալական է, քանի որ կախված է դիտումից, փորձից և ինդուկտիվ դատողությունից, որոնք հակված են սխալների և վերանայման։ Նախորդ փորձը, անկախ մասնավոր դեպքերի քանակից, չի կարող տրամաբանականորեն երաշխավորել ապագա իրադարձությունների նույնօրինակ լինելը (Օրինակ՝ «Բոլոր կարապները սպիտակ են» պնդումը հերքվում է սև կարապի ի հայտ գալով)։
Սարքային Հարաբերականության Խնդիր. Դիտումների ընթացքում կիրառվող սարքերի հավաստիությունը կախված է այն տեսություններից, որոնց վրա այդ սարքերը հիմնված են։ Եթե տեսությունները սխալական են, ապա դրանց վրա հիմնված սարքերը նույնպես սխալական են։
Տեսական Կանխադրվածություն (Theory-ladenness). Մեր դիտարկումները երբեք «մաքուր» չեն, այլ ձևավորված են որոշակի տեսությունների, հավատալիքների, նախադրյալների և ենթադրությունների կողմից։
Չնայած այս խնդիրներին, բանախոսը ցույց տվեց, որ կան գիտելիքի տեսակներ, որոնց նկատմամբ հնարավոր է ապահովել անսխալականության պայմանը։ Դրանք վերլուծական (անալիտիկ) դատողություններն են։
Սահմանում. Վերլուծական դատողությունները արտածելի են սահմանումներից։
Օրինակ. «1 + 2 = 3» պնդումը։ Քանի որ 2-ի սահմանումը 1+1-ն է, իսկ 3-ի սահմանումը 1+1+1-ն է, ապա 1+2=3-ը անհրաժեշտաբար բխում է սահմանումներից, և մենք կարիք չունենք դա հաստատելու փորձի միջոցով։
Հատկություններ. Դրանք չեն կարող հակասել փորձերի կամ դիտարկումների արդյունքներին։ Դրանք անհրաժեշտաբար գործում են բոլոր հնարավոր աշխարհներում, քանի որ հակառակը անտրամաբանական է։
Սակայն, գիտելիքի մեծ մասը կազմում են համադրական (սինթետիկ) դատողությունները, որոնք չեն կարող արտածվել միայն սահմանումներից և կարող են հակասել փորձի արդյունքներին։
Եթե մենք մերժում ենք, որ գիտելիքը պահանջում է անսխալականություն, մենք հասնում ենք Ֆալիբիլիզմի (Սխալականության) հայեցակարգին։
Սահմանում. Ֆալիբիլիզմը իմացաբանական հայեցակարգ է, ըստ որի, բոլոր համոզմունքները սխալական են (ենթակա են սխալի հնարավորության) կամ ոչ մի համոզմունք երբևէ չի կարող վերջնականապես կամ անսխալականորեն հիմնավորվել (առանց բացառելու սխալի հնարավորությունը և ռացիոնալ կասկածը)։
Գիտելիքի Ֆալիբիլիստական Սահմանում. Մենք ունենք սխալական հիմնավորմամբ սխալական իմացություն (գոյություն ունեն հիմնավոր սխալական գիտելիքներ)։ S-ը գիտի P որպես սխալական գիտելիք այն դեպքում, երբ S-ը գիտի P որոշակի E հիմնավորմամբ, սակայն հնարավոր է, որ այդ համոզմունքը կեղծ է կամ E հիմնավորումը ինքնին չի երաշխավորում P-ն։
Ֆալիբիլիզմը բախվում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ Gettier Problem-ը, Closure Problem-ը (Brain in a Vat) և Threshold Problem-ը (հիմնավորման շեմի խնդիրը)։
Closure Problem (Իմացաբանական Փակվածության Խնդիր). Եթե S-ը գիտի P և գիտի, որ P-ն ենթադրում է Q, ապա S-ը գիտի նաև Q։ Եթե ես գիտեմ, որ ձեռքեր ունեմ (P), ապա դա ենթադրում է, որ ես փորձանոթի մեջ ամփոփված ուղեղ չեմ (Q)։ Ֆալիբիլիզմի տեսանկյունից, ձեռքեր ունենալու իմ ապացույցը, թեև առօրյա ինտուիցիայի միջոցով ճշմարիտ է, այնուամենայնիվ, սխալական է։
Threshold Problem (Հիմնավորման Շեմի Խնդիր). Որքա՞ն հիմնավոր պետք է լինի համոզմունքը, որպեսզի այն որակվի որպես գիտելիք։ Ցանկացած կետ 1-ից փոքր (բացարձակ հիմնավորում), թվում է կամայական։
Չորրորդ հանդիպմամբ ամփոփվեց Փիլիսոփայական մտածողությանը և ձևական տրամաբանությանը նվիրված մեր առաջին բլոկը։ Այս քննարկումները, որոնք ցույց տվեցին մեր գիտելիքի հիմքերի դժվարությամբ ձեռք բերվող բնույթը (հետադիմություն կամ դոգմատիկ սկիզբ), հիանալի հիմք ստեղծեցին հետագա քննարկումների համար։
Հաջորդ հանդիպումից սկսվելու է բոլորովին նոր ուղղություն՝ Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն։ Սա շատ կարևոր ու արդիական թեմա է, հատկապես մեր օրերում։
Երկրորդ թեմատիկ բաժնի առաջին հանդիպումը նվիրված էր ինքնությանը։ Այս հանդիպումը, որը վարում էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը։
Հինգերորդ հանդիպումը, տարբերվում էր նախորդներից իր ինտերակտիվ բնույթով։ Սա ոչ թե դասախոսություն էր, այլ ինքնաբացահայտման մի յուրահատուկ սեանս, որտեղ մենք փորձեցինք հասկանալ, թե ով ենք մենք՝ որպես անհատներ և որպես հավաքականություն։
Ահա թե ինչպես անցավ այդ հետաքրքիր գործընթացը։
Հանդիպման առաջին մասը նվիրված էր անհատական ինքնորոշմանը։ Մասնակիցներին առաջադրվեց մի պարզ թվացող, բայց խորքային վարժություն. թղթի վրա պատասխանել «Ո՞վ եմ ես» հարցին։
Սակայն խնդիրը բարդանում էր փուլային մոտեցմամբ.
Սկզբում պետք էր գրել հինգ պատասխան (բառի կամ կապակցության տեսքով)։
Այնուհետև ավելացնել ևս հինգը։
Եվ վերջում ավելացնել ևս հինգը՝ ընդհանուր ունենալով 15 բնութագրիչ։
Այս մեթոդը ստիպեց մասնակիցներին դուրս գալ մակերեսային պատասխաններից և փորփրել ավելի խորը շերտեր։ Արդյունքները չափազանց հետաքրքիր էին։ Մասնակիցների պատասխաններում հաճախ հանդիպում էին այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են՝ «հայ», «լոռեցի», «ապագա հոգեբան», «բանական էակ», «մտածող մարդ» և այլն։ Հանդիպեցին նաև ավելի քիչ տարածված, բայց յուրահատուկ պատասխաններ, օրինակ՝ «զինվոր», «կամավոր», «գերմարդ», «ստեղծարար»։
Վարժության ավարտին մասնակիցներին հանձնարարվեց այդ 15 բնութագրիչներից առանձնացնել երեք ամենակարևորները։ Այս ընտրության հիման վրա էկրանին ձևավորվեց բառերի ամպ (word cloud), որը վիզուալ կերպով ցույց տվեց խմբի հավաքական պատկերացումը «Ես»-ի մասին՝ ընդգծելով այն բնութագրումները, որոնք ամենաշատն էին կրկնվում։
Անհատական պատասխանները գրելուց հետո մենք անցանք տեսական վերլուծության։ Քննարկվեցին ինքնության տարբեր հարթություններն ու տեսակները, մասնավորապես՝
Ոգեղեն
Անձնային
Տնտեսական
Տարածատիրական
Քաղաքական
Մասնակիցներին հանձնարարվեց իրենց գրած բնութագրիչները դասակարգել ըստ ինքնության այս ոլորտների։ Սա օգնեց հասկանալ, թե յուրաքանչյուր մասնակցի համար որ ոլորտն է ավելի գերիշխող՝ արդյոք մենք մեզ ավելի շատ բնորոշում ենք մեր մասնագիտությամբ (տնտեսական), մեր ծննդավայրով (տարածքային), թե՞ մեր արժեքներով (ոգեղեն/անձնային)։
Բանախոսության երկրորդ հատվածում ուշադրությունը «Ես»-ից տեղափոխվեց դեպի «Մենք»։ Մասնակիցներին նույն մեթոդաբանությամբ (5+5+5 բնութագրիչ) հանձնարարվեց պատասխանել «Ո՞վ ենք մենք» հարցին։
Այս վարժության արդյունքում ստացված բառերի ամպը բավականին խոսուն էր և, կարելի է ասել, մտորելու տեղիք տվող։ Կրկնվող և ամենաշատ հանդիպող պատասխանների շարքում էին.
«Հայ»
«Երիտասարդներ»
«Մահկանցուներ»
Սակայն հատկանշական էր նաև մեկ այլ բնորոշում, որը շատերի մոտ էր հանդիպում՝ «պառակտված»։ Սա ցույց է տալիս, որ մեր կոլեկտիվ ինքնընկալման մեջ ներքին բաժանվածության զգացողությունը բավականին սուր է։
Հինգերորդ հանդիպումը թույլ տվեց հասկանալ և ըմբռնել ինքնությունը բազմակողմանիորեն և մի շարք չափումներում։ Մենք տեսանք, թե ինչպես ենք մենք ընկալում ինքներս մեզ որպես անհատներ և ինչպես ենք տեսնում մեր հավաքականությունը։ Այս «քարտեզագրումը» հիանալի մեկնարկ է հաջորդ հանդիպումների համար, որտեղ ավելի խորը կքննարկենք ազգային ինքնության և հիշողության նրբերանգները։
Փիլիսոփայության դպրոց 2025-ի վեցերորդ հանդիպումը նվիրված էր մի թեմայի, որը թվում է, թե բոլորիս ծանոթ է դպրոցական տարիներից, բայց որը, պարզվեց, շատ ավելի բարդ ու խորքային կառուցվածք ունի։
Այս անգամ բանախոսն էր Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Մոսինյանը, իսկ հանդիպման թեման՝ «Պատմությունը որպես տեքստ»։
Պրն Մոսինյանը հանդիպումը սկսեց շատ դիպուկ ու սադրիչ հարցադրումներով. «Ի՞նչ է պատմությունը, ինչպես է այն տրվում մեզ, և ինչպես է պատմությունն ինքնին հնարավոր առանց որևէ միջնորդվածության»։
Որպեսզի այս հարցը դառնա շոշափելի, բանախոսը դիմեց լսարանին՝ հարցնելով, թե արդյոք երբևէ գրե՞լ ենք ինքնակենսագրական։ Եվ ամենակարևորը՝ արդյոք դրանում տեղ գտած տեղեկատվությունը (օրինակ՝ մեր ծննդյան օրը, վայրը) գիտենք մեր սեփական փորձառությունի՞ց, թե՞ դրանք մեզ հայտնի են այլ մարդկանց միջոցով (օրինակ՝ ծնողների պատմածով)։ Սա փայլուն օրինակ էր՝ ցույց տալու համար, որ անգամ մեր անձնական պատմությունը մեզ տրված է միջնորդավորված՝ ուրիշի վկայության կամ պատումի միջոցով։
Այս համատեքստում մենք քննարկեցինք պատմական ինքնակենսագրականների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հեղինակը կառուցում իր «Ես»-ի պատմությունը.
Օգոստինոս Երանելին իր «Խոստովանություններում» դիմում է Աստծուն՝ ներկայացնելով մարդուն, որը «կրում է իր մահկանացությունը»։
Ժան-Ժակ Ռուսոն հավակնում էր ցույց տալ մարդուն «իր բնույթի ողջ ճշմարտությամբ»։
Ջոն Սթյուարթ Միլլը փորձում էր հուշ թողնել «առանց իրադարձությունների մի կյանքի մասին»։
Շատ հետաքրքիր էր անդրադարձը Արիստոտելին, ով հստակ տարբերակում էր դնում պատմիչի և բանաստեղծի միջև։ Ըստ Արիստոտելի՝ տարբերությունը չափածո կամ արձակ գրելու մեջ չէ, այլ նրանում, որ «մեկը պատմում է տեղի ունեցածը (պատմիչը), իսկ մյուսը՝ թե ինչ կարող է տեղի ունենալ (բանաստեղծը)»։ Հենց այս պատճառով էլ Արիստոտելը համարում էր, որ բանաստեղծությունը պատմությունից լուրջ է ու փիլիսոփայական, քանի որ այն գործ ունի հնարավորի և ընդհանրականի հետ։
Հանդիպման ընթացքում մենք խորացանք պատումի կառուցվածքի մեջ։ Պատմությունը պարզապես փաստերի շարադրանք չէ, այն ունի սուբյեկտ։
Ո՞վ է պատմում՝ «Ես», «Դու», թե՞ «Նա»։
Արդյո՞ք դա զուտ նկարագրություն է, թե՞ կոչ։
Այստեղ բանախոսն անդրադարձավ ներկայացուցչականության (representation) քաղաքական խնդրին։ Մեջբերվեց Կարլ Մարքսի միտքը. «Նրանք չեն կարողանում ներկայացնել իրենց, ուրեմն պետք է ներկայացվեն»։ Սա ուղիղ կապ ունի հետգաղութային ուսումնասիրությունների և օրիենտալիզմի հետ, երբ, օրինակ, «արևելաբանը» պաշտոնապես ներկայացնում է Արևելքը, բայց իրականում հաստատում է Արևմուտքի գերազանցությունը՝ զրկելով Արևելքին իր սեփական ձայնից, ինչպես նաև արձանագրելով արևելիք աններկայացվածությունը և վերջինիս ներկայացնելու անհրաժեշտությունը։
Բանախոսության առանցքային գաղափարներից մեկը ձևակերպված էր Ֆրանկ Անկերսմիթի խոսքերով. «Անցյալի մասին մեր խոսքերը պատված են հաստ կեղևով»։ Այդ կեղևը կապված է ոչ թե բուն անցյալի, այլ մեկնաբանությունների և պատմագիտական վեճերի հետ։ Մենք երբեք չունենք «մաքուր» հայացք դեպի անցյալ, մենք միշտ նայում ենք նարատիվ (պատումային) լեզվի միջով, որը թափանցիկ չէ։
Փաստացի ստացվում է մի բանաձև. Անցյալ = Պատմություն = Պատում = Ներկա։
Հանդիպման ամենատպավորիչ հատվածներից էր, երբ պրն Մոսինյանը համեմատական անցկացրեց տարբեր տեքստերի միջև՝ ցույց տալու համար, թե որքան նման կարող են լինել գեղարվեստական և պատմական տեքստերը։
Մենք ընթերցեցինք հատվածներ.
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպից, որը սկսվում է որպես տարեգրություն («Մթին ժամանակներ ենք ապրում. Ժողովուրդն Աստծու հակված է այժմ դեպի առևտուրն ու երկպառակությունները, ցածը՝ մեծ բնակավայրերում, որտեղ սրբության ոգին ապաստան չունի, ոչ միայն խոսում են ռամկական բարբառներով (աշխարհականներից ուրիշ բան սպասելի չէ), այլև արդեն գրում այդ լեզվով»)։
Ստեփան Պալասանյանի «Պատմութիւն հայոց» աշխատությունից, որտեղ պատմիչը բարոյական դատողություններ է անում Մերուժան Արծրունու և Վասակ Սյունյացու մասին («Այս հույսն էր, որ այնքան անօրենություններ գործել տվեց իր ժամանակին Մերուժան Արծրունուն. նույն ակնկալությունն էր, որ ավելի մեծ չարիքներ պիտի գործել տար այժմ Վասակ Սյունյաց իշխանին»)։
Լեոյի «Թուրքական հեղափոխության գաղափարախոսությունը» գրքից, որտեղ քաղաքական վերլուծությունը միախառնված է պատումին («Մյուս օրը, առավոտյան, անգլիական, ֆրանսիական և ռուսական առաջին թարգմանները գնացին շոգենավ և այս անգամ արդեն ուրիշ տեսակ լեզու բանեցրին երեկվա փայլուն հաղթողների, իսկ այժմ պարզապես խաբված միամիտների հետ՝ հայտարարելով, թե «նրանց ծրագիրը հիմարության և անհեռատեսության արդյունք է»»)
Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպից, որտեղ նկարագրվում է ճակատամարտի տեսարանը («Հայոց այրուձին հասավ ճակատ, ուր տեղավորված էին պարսից զորքերը՝ միշտ ենթակա քուշանների անակնկալ հարձակումներին և պատրաստ նույնը դարձնելու նրանց։ Զորքերի ճամբարները թաքնված էին ցրիվ, անապատի իջվածքներում և հովիտներում»)։
Այս օրինակները ցույց տվեցին, որ պատմությունը տեքստ է, որն ունի իր կառուցվածքը, լեզուն, ոճը և հեղինակի դիրքորոշումը։ Այն մեզ երբեք չի տրվում «մերկ» վիճակում, այլ միշտ հագնված է բառերի ու մեկնաբանությունների հանդերձանքով։
Ընդհանուր առմամբ այս հանդիպումը կարևոր և մտածելու տեղիք տվող հարցադրումներ բարձրացրեց։ Դրանք ստիպեցին ներկաներին վերանայել իերնց վերաբերմունքը դեպի այն, ինչը սովոր ենք անվանել «պատմական փաստ»։
Յոթերորդ հանդիպումը նվիրված էր «Պատմությունը որպես հիշողություն և հիշողությունը որպես պատմություն» թեմային, իսկ բանախոսն էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Գագիկ Պետրոսյանը։ Հանդիպումը վերածվեց խորը հոգեբանական և փիլիսոփայական վերլուծության՝ փորձելով հասկանալ անցյալի և մեր գիտակցության կապը։
Քննարկումը սկսվեց մի պարզ թվացող, բայց իրականում բարդ հարցադրմամբ. ինչպե՞ս մենք գիտենք անցյալը, և ինչպե՞ս է այն ներկայանում կամ տրվում մեզ։
Լսարանի արձագանքները տարբեր էին, սակայն շատերը նշեցին, որ հիշում են անցյալի այս կամ այն դրվագները։ Բանախոսը, զարգացնելով այս միտքը, ձևակերպեց մի կարևոր դրույթ. ըստ էության, անցյալը մեզ տրվում է հիշողության միջոցով։ Սա նշանակում է, որ մենք անցյալի հետ անմիջական շփում չունենք. այն ներկայանում է մեզ մեր հիշողության միջոցով՝ հենց ներկայում։
Այս իմաստով, հիշողությունը միակ միջոցն է, որը մեզ կապում է անցյալի հետ կամ թույլ է տալիս անցյալը վերարտադրել մեր գիտակցության մեջ՝ որպես փորձ և ապրում։ Առանց հիշողության մեխանիզմի, անցյալը մեզ համար պարզապես գոյություն չէր ունենա։
Հանդիպման ամենալարված պահերից մեկը սկսվեց, երբ մենք կանգնեցինք սկեպտիցիզմի առջև։ Բանախոսը հարցրեց. «Ինչպե՞ս գիտենք, որ եղել է անցյալ, ինչպե՞ս ենք վստահ, որ անցյալի որևէ իրադարձություն իրականում եղել է»։
Ավելին, հարց բարձրացվեց հիշողության հավաստիության վերաբերյալ. ինչո՞ւ ենք վստահ, որ մեր հիշողության մեջ տրված իրադարձությունը կամ անցյալի որևէ դրվագ իրոք տեղի է ունեցել, և մենք այն պարզապես չենք հորինել։ Սա հատկապես հետաքրքիր է, երբ հաշվի ենք առնում մարդկային ուղեղի՝ բացերը լրացնելու և պատմություններ հորինելու հատկությունը։
Հանդիպման առանցքային փիլիսոփայական կետը անցյալի բնույթի վերաբերյալ հարցադրումն էր։ Գագիկ Պետրոսյանը առաջարկեց անցյալի վերաբերյալ հարցը դիտարկել երկու հարթության վրա.
Անցյալը որպես գոյաբանություն (Ontology). Արդյոք անցյալը գոյություն ունի որպես իրողություն, որը տեղի է ունեցել նախկինում և ապրվել է։ Սա անցյալի օբյեկտիվ գոյության հարցն է՝ անկախ մեր հիշողությունից։
Անցյալը որպես իմացաբանություն (Epistemology). Թե՞ անցյալը գոյություն ունի որպես մի բան, որը կա հիշողության մեջ, սակայն որի համապատասխանությունը օբյեկտիվ ու փաստական իրականությանը հնարավոր չէ ի վերջո որոշել անսխալականորեն ու բացարձակ ճշգրտությամբ։
Այս տարանջատումը ցույց տվեց, որ մենք հաճախ խառնում ենք այն, ինչ «իրականում եղել է» (գոյաբանական անցյալ) այն բանի հետ, ինչը «մենք հիշում ենք» (իմացաբանական անցյալ), և այդ երկուսի միջև եղած անջրպետը երբեմն անհաղթահարելի է։
Յոթերորդ հանդիպումը ստիպեց մեզ վերանայել մեր վստահությունը սեփական հիշողությունների նկատմամբ և հասկանալ, որ պատմությունը՝ լինի դա անձնական, թե ազգային, միշտ անցնում է հիշողության պրիզմայով, որը երբեք կատարյալ հայելի չէ, այլ բարդ, սուբյեկտիվ և երբեմն՝ խեղաթյուրող ոսպնյակ։
Փիլիսոփայության դպրոց 2025-ի ութերորդ հանդիպումը տարբերվեց նախորդներից իր ձևաչափով․ այս անգամ այն դասախոսություն չէր, այլ աշխատաժողով, որը կառուցված էր ինտերակտիվ խաղերի, հարցումների, քննարկումների ու բանավեճի շուրջ։ Հանդիպման նպատակը ազգային ինքնություն, պատմություն և հիշողություն թեմատիկ բլոկի հիմնական հարցերի ամփոփումն ու վերաիմաստավորումն էր։
Հանդիպման առաջին հատվածը վարեց դոցենտ Սիլվա Պետրոսյանը, որը մասնակիցներին առաջարկեց թիմերով մասնակցել ինքնության, պատմության և հիշողության վերաբերյալ ինտերակտիվ հարցումների։ Թիմերն ընդամենը մի քանի վայրկյանում պետք է ընտրեին ճիշտ պատասխանը առաջարկվող չորս տարբերակներից։ Այնուհետև վարժությունը վերածվեց խորքային քննարկման՝ բացահայտելով, թե ինչու տվյալ պատասխանը ճիշտ էր և ինչպիսի ենթադրություններ կամ ընկալումներ մարդն ունենում է նման հարցերում։
Քննարկվեց նաև այն կարևոր հարցը, թե ովքե՞ր են այն մտավորականներն ու պատմիչները, որոնք ձևավորել են մեր ազգային ու կրոնական ինքնության հիմնական շերտերը՝ Դավիթ Անհաղթ, Մովսես Խորենացի և այլք։
Բացահայտվեց, որ նրանց մասին գոյություն ունեցող գիտական վեճերը (ինչպես օրինակ՝ արդյո՞ք տվյալ տեքստերում հիշվող հեղինակները նույն անձինք են),
բարձրացնում են շատ կարևոր հարց՝ ինչպե՞ս են նման անորոշությունները ազդում մեր պատմական հիշողության և ինքնության ձևավորման վրա։
Այս թեմաներն ընձեռեցին հնարավորություն հասկանալու, որ պատմագրական վեճերը միայն ակադեմիական խնդիր չեն․ դրանք ուղղակիորեն առնչվում են ինքնության հիմնավորմանն ու պատմական պատկերի ձևավորմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպվեց բանավեճ՝ թեմայով․
«Արդյո՞ք կրոնը բնորոշում է ազգային ինքնությունը, թե՞ ոչ»։
Մասնակիցները բաժանվեցին երեք խմբի՝
Կրոնը բնորոշում է ինքնությունը և դրա անօտարելի մասն է
Ինքնությունը հնարավոր է պատկերացնել առանց կրոնի
Չեզոք դիրք
Եղավ ակտիվ ու բովանդակալից բանավեճ, որտեղ ներկայացվեցին փաստարկներ, հակափաստարկներ և տեսական դիտարկումներ։
Այս հատվածում Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Գագիկ Պետրոսյանը ներկայացրեց ինքնության վերաբերյալ այն մոտեցումը, համաձայն որի՝ չէ, որ միայն իրականությունն է ձևավորում մարդու ինքնությունը․ հաճախ մարդն իր ներսում ունի ինքնության նախնական կառուցվածք, որից ներքև ձևավորում է իր շրջապատի իրականությունը։
Այլ կերպ՝ ոչ միայն կեցությունն է որոշում գիտակցությունը, այլև գիտակցությունն է ձևավորում կեցությունը։
Հանդիպման ավարտին մասնակցիները գնահատեցին, թե ինչ հարցեր են իրենց համար բացվել ինքնության, պատմության և հիշողության ուսումնասիրության ընթացքում։ Կարևորվեց այն միտքը, որ այս թեմաները պահանջում են շարունակական ուսումնասիրություն և քննադատական վերաբերմունք՝ որպես սեփական ինքնությունը հասկանալու հիմնական պայման։
Իններորդ հանդիպումը, որը վարում էր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանը, նվիրված էր մեր ժամանակների թերևս ամենակարևոր և բարդ հարցերից մեկին՝ «Ապագա սերունդների հանդեպ բարոյական պարտավորությունները»:
Եթե նախորդ հանդիպումներին մենք քննարկում էինք անցյալը և հիշողությունը, ապա այս անգամ հայացքն ուղղվեց դեպի ապագա՝ փորձելով հասկանալ, թե արդյոք մենք պարտք ունե՞նք նրանց հանդեպ, ովքեր դեռ չեն ծնվել։
🔹 Ի՞նչ է Բարոյագիտությունը և ինչպե՞ս ենք այն կիրառում
Բանախոսը նախ հստակեցրեց դաշտը. բարոյագիտությունը փիլիսոփայության այն բաժինն է, որը զբաղվում է մարդկային գործողությունների գնահատմամբ, իսկ դրա հիմնական հարցն է՝ «Ո՞րն է վարքի ճիշտ ձևը կամ ինչպե՞ս ապրել»:
Այս հարցերին պատասխանելու համար կիրառվեցին բարոյագիտական վերլուծական մեթոդներ, ինչպիսիք են մտային փորձերը (thought experiments), հասկացութային վերլուծությունը և ռեֆլեկտիվ էկվիլիբրիումը:
🔹 Երեք տեսությունները. ինչո՞ւ ենք մենք պարտական ապագային
Բանախոսը ներկայացրեց երեք հիմնարար բարոյագիտական տեսություններ, որոնք հիմնավորում են ապագա սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։
Ուտիլիտարիզմ (Օգտապաշտություն). Ջոն Ստյուարտ Միլլ Ուտիլիտարիզմի հիմնական սկզբունքն է՝ առավելագույն երջանկություն առավելագույն թվով մարդկանց համար:
Ըստ այս տեսության՝ ապագա մարդիկ երջանկության հաշվարկման մեջ նույնքան կարևորություն ունեն, որքան ներկա մարդիկ:
Քանի որ նրանք ունեն շահեր և նրանց կյանքի որակը կախված է մեր գործողություններից, մենք պարտավոր ենք գործել այնպես, որ առնվազն չվնասենք նրանց:
Դեոնտոլոգիա (Պարտականության բարոյագիտություն). Իմանուիլ Կանտ Կանտյան էթիկան հիմնվում է երկու սկզբունքի վրա՝ Համընդհանրության սկզբունք (վարվի՛ր այնպես, որ քո վարքը դառնա օրենք) և Մարդկայնության սկզբունք (մարդուն վերաբերվի՛ր որպես նպատակ, ոչ թե միջոց):
Ապագայի հանդեպ մեր պարտավորությունները բխում են նրանից, որ բարոյական կանոնները վերաբերելի են բոլոր ժամանակներին, և ապագա մարդիկ նույնպես անձինք են, ուստի նրանց չի կարելի դիտարկել որպես միջոց:
Հասարակական Դաշինքի Տեսություն. Ջոն Ռոլս Այս տեսությունը կիրառում է «Անտեղյակության քողի» (Veil of Ignorance) գաղափարը։ Պատկերացրեք մի իրավիճակ, որտեղ մարդիկ պետք է ընտրեն արդարության սկզբունքները, բայց չգիտեն, թե ո՛ր սերնդին են պատկանելու:
Ռացիոնալ մարդը, չիմանալով՝ ինքը կծնվի այսօ՞ր, թե՞ 100 տարի անց, կընտրի այնպիսի կանոններ (խնայողության սկզբունք), որոնք կապահովեն բարեկեցություն ցանկացած սերնդի համար: Հասարակությունը դիտարկվում է որպես անդրսերնդային միավորում:
🔹Փիլիսոփայական գլուխկոտրուկը. «ոչ-նույնության խնդիրը»
Հանդիպման ամենահետաքրքիր և մարտահրավերային պահը Դերեկ Փարֆիթի «Ոչ-նույնության խնդրի» (Non-Identity Problem) քննարկումն էր: Խնդրի էությունն այն է, որ մեր այսօրվա որոշումները փոխում են ոչ միայն ապագա կյանքի որակը, այլև թե կոնկրետ ովքեր կծնվեն:
Օրինակ. Եթե մենք վարենք «վատ» էկոլոգիական քաղաքականություն, ապա 100 տարի անց կծնվեն մարդիկ (սերունդ A), ովքեր կապրեն աղտոտված միջավայրում։ Բայց եթե մենք վարեինք «լավ» քաղաքականություն, պատմության ընթացքը կփոխվեր, և կծնվեին բոլորովին այլ մարդիկ (սերունդ B)։
Պարադոքսը. Կարո՞ղ ենք ասել, որ մենք վնասել ենք սերունդ A-ին։ Ո՛չ, որովհետև եթե մենք վարվեինք «լավ», սերունդ A-ն պարզապես գոյություն չէր ունենա։ Իսկ գոյություն ունենալը (թեկուզ վատ պայմաններում) սովորաբար ավելի լավ է, քան չգոյությունը:
🔹 Ինչպե՞ս են տեսությունները լուծում այս խնդիրը
Ուտիլիտարիզմ. Կարևոր չէ, թե ով է ապրում, կարևոր է, որ ընդհանուր երջանկության մակարդակը չնվազի:
Դեոնտոլոգիա. Եթե գործողությունը (օրինակ՝ բնության ոչնչացումը) չի կարող դառնալ համընդհանուր օրենք, ապա այն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե կոնկրետ ում ինքնությունն է ձևավորվում:
Հասարակական դաշինք. Դաշինքը կնքվում է հիպոթետիկ ռացիոնալ մարդկանց, ոչ թե կոնկրետ անհատների միջև, ուստի մենք պարտավոր ենք պաշտպանել ցանկացած մարդու շահերը, ով էլ որ նա լինի:
🔹 Տեսությունից դեպի իրականություն
Մասնակիցները տեսական գիտելիքը տեղափոխեցին գործնական դաշտ՝ քննարկելով.
Ինստիտուցիոնալ պատասխանատվության թերությունները և երկարաժամկետ մտածողության բացակայությունը:
Բնապահպանական ճգնաժամը՝ որպես համակարգային խնդիր, որը ուղղակիորեն կապված է ապագա սերունդների հանդեպ պարտքի հետ:
Առօրյա կյանքը (սնունդ, աշխատանք)՝ որպես փիլիսոփայական խնդիրների արտացոլում:
Զրույցը բնորոշվեց որպես «կենդանի» մտածողության գործընթաց, որտեղ մտքերը ծնվում էին հենց պահի տակ, ցույց տալով, որ բարդ սոցիալական խնդիրները հնարավոր չէ ներկայացնել մեկ գծային պատմությամբ։
Տասներորդ հանդիպումը մեզ տեղափոխեց սոցիալական արդարության և պետականակերտման հիմնախնդիրների դաշտ։
Հանդիպումը, որը վարում էր ԵՊՀ Փիլիսոփայության պատմության և տեսության լաբորատորիայի հետազոտող Համլետ Սիմոնյանը, նվիրված էր «Հասարակությունը կարգավորող ու կանոնակարգող արդարության սկզբունքների ձևավորմանը»։
Այս հանդիպումը յուրահատուկ էր նրանով, որ մասնակիցները ոչ միայն ծանոթացան հիմնախնդրի վերաբերյալ տեսական քննարկումներին և մոտեցումներին, այլև փորձեցին «զրոյից» կառուցել իրենց սեփական հասարակությունը։
Հանդիպման սկզբում բանախոսը սահմանեց հասարակությունը որպես փոխադարձ օգուտի համար ստեղծված համագործակցային ձեռնարկում, որտեղ առկա է շահերի համընկնում։ Սակայն, քանի որ մարդկանց տարբեր խմբեր ունեն տարբեր շահեր, անխուսափելի են դառնում անհամաձայնությունները արդարության վերաբերյալ։
Հենց այստեղ էլ առաջանում է սկզբունքների անհրաժեշտությունը՝ որոշելու համար.
Ով ի՞նչ է ստանում (ռեսուրսների բաշխում)։
Ի՞նչն է համարվում ճիշտ և արդար։
Քննարկվեց այն հարցը, թե ինչն է մեզ խանգարում լինել օբյեկտիվ և արդար որոշումներ կայացնելիս։ Պատճառները մեր բնական և սոցիալական «կապանքներն» են.
Սոցիալական խավը և ընտանեկան կապերը։
Տաղանդներն ու բնական ունակությունները։
Սեռը, տարիքը, ազգությունը։
Անձնական կյանքի պլանները և կրոնական հայացքները։
Այս գործոնները մեզ դարձնում են կողմնակալ՝ ստիպելով պաշտպանել մեր սեփական խմբի շահերը։
Որպեսզի հաղթահարենք այս կողմնակալությունը, բանախոսը ներկայացրեց Ջոն Ռոլսի հայտնի մտային փորձը՝ «Անտեղյակության քողը» (Veil of Ignorance)։
Գաղափարը հետևյալն է. մարդիկ պետք է ընտրեն հասարակության արդարության սկզբունքները՝ առանց իմանալու, թե ով են լինելու այդ հասարակության մեջ։ Դուք չգիտեք՝ կլինեք մեծ հարստություն ժառանգած մարդ, թե՞ անօթևան, խոշոր բիզնեսմեն, թե՞ քրոնիկ հիվանդությամբ տառապող մեկը։
Այս վիճակը ստիպում է մասնակիցներին լինել զգուշավոր (խուսափել վատագույն սցենարից) և ընտրել այնպիսի կանոններ, որոնք արդար կլինեն բոլորի համար՝ անկախ նրանց դիրքից։
Անտեղյակության քողի պայմաններում ռացիոնալ մարդիկ, ըստ բանախոսի, կհանգեն երկու հիմնական սկզբունքի.
Ազատության սկզբունքը. Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հավասար չափի հիմնական ազատություններ, որոնք համատեղելի են մյուսների նույն ազատությունների հետ։
Արդարության/Տարբերության սկզբունքը. Սոցիալական և տնտեսական անհավասարությունները արդարացված են միայն այն դեպքում, եթե դրանք.
Բաց են բոլորի համար (հավասար հնարավորություններ պաշտոնների համար)։
Բարելավում են հասարակության ամենավատ դիրքում գտնվողների վիճակը։
Օրինակ. Բարձրակարգ ինժեների բարձր աշխատավարձը (անհավասարությունը) արդար է, եթե նրա ստեղծած տեխնոլոգիան էժանացնում է ծառայությունները աղքատների համար։
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները բաժանվեցին խմբերի և կիրառեցին «Անտեղյակության քողը» գործնականում։ Նրանք պետք է սահմանեին կանոններ՝ չիմանալով իրենց ապագա դերը։
Հնարավոր դերերը, որոնք կարող էին բաժին հասնել մասնակիցներին քողը բացելուց հետո, ներառում էին՝ ապագա սերունդներ, բարձր եկամուտ ունեցող բիզնեսմեններ, բացառիկ տաղանդ ունեցողներ, խտրականության արժանացած աղանդավորներ, ֆեմինիստներ կամ նույնիսկ քրեական հեղինակություններ։
Մասնակիցները բուռն քննարկումների միջոցով պետք է պատասխանեին ուղենիշային հարցերի և ընտրություն կատարեին բարդ երկընտրանքների միջև.
Առողջապահություն. Անվճա՞ր և հավասար բոլորի համար, թե՞ վճարովի և ավելի որակյալ հարուստների համար։
Բնական ռեսուրսներ. Ազատ սպառո՞ւմ հանուն տնտեսական աճի, թե՞ սահմանափակում՝ հանուն ապագա սերունդների։
Հարկային համակարգ. Համահա՞րթ (բոլորը նույն տոկոսն են վճարում), թե՞ պրոգրեսիվ (հարուստները վճարում են ավելին)։
Տաղանդ և արտոնություններ. Աջակցե՞լ տաղանդավորներին՝ որպես զարգացման լոկոմոտիվ, թե՞ պահպանել խիստ հավասարություն։
Փոքրամասնություններ. Տալ լրացուցիչ պաշտպանությո՞ւն, թե՞ դիտարկել դա որպես անհավասարություն։
Բիզնես և Շուկա. Պետական խիստ կարգավորո՞ւմ հանուն արդարության, թե՞ ազատ շուկա՝ հանուն նորարարության և ընտրության։
Այս վարժությունը ցույց տվեց, թե որքան դժվար է հավասարակշռել անհատական ազատությունն ու սոցիալական արդարությունը, և թե ինչպես է «քողի» առկայությունը ստիպում մեզ լինել ավելի կարեկից և հեռատես։
Տասնմեկերորդ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր նախորդ քննարկումների, սակայն այս անգամ ուղղվածությունը փոխվեց՝ ապագայից դեպի անցյալ։
Հանդիպման թեման էր «Անցյալ սերունդներ, պատասխանատվություն և ներում», իսկ բանախոսը՝ դոցենտ Լևոն Բաբաջանյանը։ Այս հանդիպումը աչքի ընկավ ոչ միայն բովանդակային խորությամբ, այլև մեթոդաբանական հստակությամբ և գործնական աշխատանքի ծավալով։
Մինչ բուն թեմային անցնելը, բանախոսը կարևորագույն ներածություն կատարեց բանավեճի կուլտուրայի և կառուցվածքի վերաբերյալ։ Հաճախ մեր քննարկումները դառնում են անպտուղ, որովհետև մենք չենք տարբերակում, թե կոնկրետ ինչի շուրջ ենք վիճում։
Լևոն Բաբաջանյանը առանձնացրեց պնդումների չորս հիմնական տեսակ, որոնց տարբերակումը պարտադիր է կառուցողական բանավեճի համար.
Փաստական պնդումներ. Վերաբերում են իրականությանը (արդյո՞ք դա տեղի է ունեցել, թե՝ ոչ)։
Արժեքային պնդումներ. Վերաբերում են գնահատականներին (դա լա՞վ է, թե՞ վատ, բարոյակա՞ն է, թե՞ անբարոյական)։
Նորմատիվ պնդումներ. Վերաբերում են գործողություններին (ի՞նչ պետք է անենք, ո՞րն է ճիշտ վարքագիծը)։
Սահմանման պնդումներ. Վերաբերում են եզրույթների իմաստին (ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «արդարություն» կամ «ազգ»)։
Հանդիպման հիմնական հատվածը նվիրված էր ինտենսիվ խմբային աշխատանքին։ Մասնակիցները բաժանվեցին հինգ խմբի՝ քննարկելու հայ իրականության համար ամենազգայուն թեմաները երեք բարոյագիտական տեսությունների (Ուտիլիտարիզմ, Դեոնտոլոգիա, Սոցիալական դաշինք) լույսի ներքո։
Ահա քննարկված հինգ հիմնախնդիրները.
1. Ցեղասպանության հիշողությունը և ճանաչումը
Առաջին խումբը քննարկեց այն բարդ երկընտրանքը, թե արդյոք ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը բարոյական պարտավորություն է, թե՞ այն կարող է խոչընդոտել ապագայի կառուցմանը։
Ուտիլիտարիզմ. Հարցադրումը հետևյալն էր՝ արդյո՞ք ճանաչման պայքարը նպաստում է ներկա և ապագա սերունդների բարօրությանը, թե՞ ստեղծում է նոր վնասներ։
Դեոնտոլոգիա. Քննարկվեց, թե արդյոք անարդարության ճանաչումն ինքնին պարտականություն է՝ անկախ դրա քաղաքական հետևանքներից։
Սոցիալական դաշինք. Արդյո՞ք պետության քաղաքական կարգը կարող է լինել լեգիտիմ, եթե այն անտեսում է անցյալի զանգվածային հանցագործությունները։
2. Խորհրդային բռնաճնշումները
Երկրորդ խումբն անդրադարձավ ԽՍՀՄ տարիների բռնաճնշումներին և դրանց քաղաքական գնահատական տալու խնդրին՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ հարաբերությունները։
Ուտիլիտարիզմ. Արդյո՞ք պետք է հրաժարվել հիշատակումից, եթե դա բացասաբար է ազդում միջպետական հարաբերությունների և հանրային բարօրության վրա։
Դեոնտոլոգիա. Արդյո՞ք զոհերի հիշատակը պահպանելը բարոյական պարտականություն է, և ո՞վ ունի պատասխանատվություն այդ հարցում,։
Սոցիալական դաշինք. Արդյո՞ք անցյալի անտեսումը թուլացնում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
3. Մշակութային ժառանգության կորուստը
Երրորդ խումբը քննարկեց Նախիջևանում, Արցախում և Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման բարոյական պարտավորությունը, երբ ռեսուրսները սահմանափակ են,։
Ուտիլիտարիզմ. Արդյո՞ք սահմանափակ ռեսուրսները պետք է ուղղել անհասանելի մշակույթի պահպանմանը, թե՞ ավելի հրատապ սոցիալական կարիքներին (կրթություն, անվտանգություն)։
Դեոնտոլոգիա. Ունի՞ արդյոք մշակութային ժառանգությունը ներհատուկ բարոյական արժեք, և արդյո՞ք անցյալ սերունդներն ունեն իրենց ստեղծածի նկատմամբ հարգանքի իրավունք։
4. Լեռնային Ղարաբաղի կորուստը (2020-2023)
Չորրորդ խումբը բախվեց ամենաթարմ վերքին՝ Արցախի կորստին և տեղահանությանը։ Խնդիրը վերաբերում էր ներկա սերունդների պատասխանատվությանը կորստի և տեղահանվածների նկատմամբ,։
Ուտիլիտարիզմ. Շարունակական պայքարը արդարության համար մեծացնո՞ւմ է բարեկեցությունը, թե՞ խորացնում է վնասները։
Դեոնտոլոգիա. Ունե՞ն արդյոք տեղահանվածներն արդարության և վերադարձի բարոյական իրավունք՝ անկախ դրա իրագործելիությունից,։
Սոցիալական դաշինք. Ի՞նչ սկզբունքների շուրջ կհամաձայնեին քաղաքացիները տեղահանման և անվտանգության հարցերում։
5. Սփյուռք և ժառանգական պատասխանատվություն
Հինգերորդ խումբը քննարկեց Սփյուռքի բարոյական հեռավորության խնդիրը. արդյո՞ք սփյուռքահայերն ունեն պարտավորություններ այն անարդարությունների հանդեպ, որոնց անմիջականորեն չեն ենթարկվել,։
Ուտիլիտարիզմ. Կարո՞ղ է անցյալի վրա կենտրոնացումը վնասել ինտեգրմանը կամ առաջացնել հոգեբանական վնասներ։
Դեոնտոլոգիա. Կարո՞ղ են բարոյական պարտավորությունները ժառանգվել սերնդեսերունդ, և արդյո՞ք ազգային ինքնությունը ստեղծում է այդ պարտավորությունը,։
Սոցիալական դաշինք. Արդյո՞ք Սփյուռքը կարելի է դիտարկել որպես ընդհանուր սոցիալական դաշինքի մաս։
Այսպիսով, տասնմեկերորդ հանդիպումը ցույց տվեց, որ անցյալի հետ մեր հարաբերությունները միանշանակ չեն։ Տարբեր բարոյագիտական դիտանկյուններից նայելիս՝ նույն խնդիրը (օրինակ՝ ցեղասպանության ճանաչումը կամ մշակույթի պահպանումը) կարող է ստանալ տարբեր լուծումներ, և մեր խնդիրն է գտնել այն հավասարակշռված մոտեցումը, որը հարգում և վերաիմաստավորում է անցյալը՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ապագան և հաջորդ սերունդներին։
Ահա և հասանք մեր ինտելեկտուալ ճանապարհորդության եզրագծին։ Եթե նախորդ հանդիպումներին մենք քննարկում էինք կոնկրետ փիլիսոփայական հիմնախնդիրներ, ապա 2025 թվականի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած տասներկուերորդ հանդիպումը նվիրված էր ամբողջ ծրագրի ամփոփմանն ու գնահատմանը:
Հանդիպումը վարեցին ծրագրի համակարգողներ Հարություն Մանվելյանը և Դավիթ Աքելյանը։ Սա ոչ միայն հրաժեշտի երեկո էր, այլև ռեֆլեքսիայի կարևոր հարթակ՝ հասկանալու համար, թե ինչ տվեց մեզ այս դպրոցը և ուր ենք շարժվում այստեղից։
Հանդիպման առաջին հատվածում բանախոսները մասնակիցների հետ քննարկեցին փիլիսոփայության դերը ժամանակակից աշխարհում։ Փիլիսոփայությունը ներկայացվեց ոչ թե որպես կտրված տեսություն, այլ որպես միջառարկայական ազդեցություն ունեցող գործիք, որը կենսական նշանակություն ունի ժամանակակից գիտության և հասարակական կյանքի համար:
Քննարկվեցին չորս հիմնական մարտահրավերներ, որոնց լուծման գործում փիլիսոփայությունն անելիք ունի.
Արհեստական բանականություն (AI) և տեխնոլոգիա. Ո՞վ է պատասխանատու, երբ AI-ը վնաս է պատճառում։ Կարո՞ղ ենք վստահել ալգորիթմներին, և արդյոք պե՞տք է ստեղծել մի բան միայն այն պատճառով, որ տեխնիկապես կարող ենք։
Կլիմայի փոփոխություն. Ի՞նչ պարտականություններ ունենք ապագա սերունդների հանդեպ։ Արդյոք էկոհամակարգերն ունեն ինքնուրույն արժեք՝ տնտեսական օգուտից դուրս։
Կենսաբժշկություն. Թույլատրելի՞ է արդյոք մարդկային գեների խմբագրումը։ Ինչպե՞ս արդարացի բաշխել սահմանափակ բուժօգնությունը։
Ժողովրդավարություն և ապատեղեկատվություն. Ինչպե՞ս տարբերակել ճշմարիտը կեղծից և ինչու է քննադատական մտածողությունը քաղաքացիական պարտք։
Այնուհետև անդրադարձ կատարվեց ծրագրի մեկնարկին մասնակիցներից հավաքագրված տվյալներին։ Վերլուծվեց, թե ինչ ակնկալիքներ ունեին մասնակիցները (աշխարհայացքի փոփոխություն, գիտելիք), ինչ ներդրում էին պատրաստ կատարել (ստեղծագործականություն, էներգիա) և ինչից էին վախենում (բարդություն, ժամանակի սղություն)։
Ուրախալի էր արձանագրել, որ ձեռք բերված հմտությունները՝ քննադատական մտածողությունը, էթիկական և բարդ հիմնախնդիրների վերլուծությունը և փաստարկման կարողությունը, օգնեցին հաղթահարել սկզբնական մտավախությունները։
Հանդիպման ամենասպասված պահերից էր էսսեների մրցույթի արդյունքների հրապարակումը։ Մասնակիցները ներկայացրել էին աշխատանքներ ամենատարբեր թեմաներով՝ էկզիստենցիալիզմից մինչև AI էթիկա, ճշմարտության հիմնախնդրից մինչև ինքնություն:
Գնահատման խիստ չափանիշների (թեզի հստակություն, փաստարկման կառուցվածք, հակափաստարկների վերլուծություն) հիման վրա հաղթող ճանաչվեցին.
🏆 1-ին տեղ՝ Մարի Մելիքյան (155 միավոր)
🥈 2-րդ տեղ՝ Ռոզա Խառատյան (143 միավոր)
🥉 3-րդ տեղ՝ Արկադի Վարդանյան (141 միավոր)
🏅 4-րդ տեղ՝ Լիլիթ Ավագյան (140 միավոր)
Մասնակիցներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր, և հնչեցին անկեղծ մտքեր դպրոցում ձեռք բերած փորձառության մասին։
Եվ այսպիսով, Փիլիսոփայության դպրոց 2025-ը մոտեցավ իր ավարտին։
Մենք ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բանախոսներին, ովքեր իրենց գիտելիքն ու փորձը կիսեցին ծրագրի ընթացքում։
Եվ ամենակարևորը՝ շնորհակալություն ձեզ, սիրելի՛ մասնակիցներ։ Ձեր հետաքրքրասիրությունը, բանավիճելու ունակությունը և բարդ հարցերից չվախենալու կամքը կայացրեցին այս դպրոցը։
Մենք հուսով ենք, որ փիլիսոփայությունը չի մնա միայն այս լսարանում։ Թող այն ուղեկցի ձեզ ձեր մասնագիտական գործունեության մեջ՝ լինեք իրավաբան, բժիշկ, ծրագրավորող թե արվեստագետ։ Թող քննադատական միտքն ու բարոյական պատասխանատվությունը մնան ձեր մշտական ուղեկիցները։
Շնորհակալություն Փիլիսոփայության դպրոց 2025-ի մասնիկը լինելու համար։
Կհանդիպենք 2026-ին 🏛️
Փիլիսոփայական էսսեն տրամաբանական կառուցվածքով տեքստ է, որտեղ ռացիոնալ փաստարկի միջոցով հիմնավորվում է այս կամ այն պնդումը։ Դուք վերցնում եք մեծ ու բարդ հարց կամ հիմնախնդիր և փորձում եք հասկանալ այն՝ հնարավորին չափ հստակ, տրամաբանված ու ուշադիր մտածելով։
Փիլիսոփայական էսսեի ամենակարևոր սկզբունքն այն է, որ այստեղ չկա «քո կարծիքը» (Ես կարծում եմ, որ P)։ Ձեր խնդիրն է ներկայացնել սեփական պնդումը, թեզը կամ տեսակետը պարզ, հասկանալի և հիմնավոր փաստարկների միջոցով (Ես կարծում եմ, որ P, որովհետև)։
Կարևոր է հիշել, որ
դու չես կարող ուրիշների ասածը պարզապես կրկնել կամ վերարտադրել։ Պետք է վերլուծել գրականությունը, տարբեր մոտեցումներն ու տեսակետները, առկա փաստարկներն ու հակափաստարկները և ինքնուրույն եզրահանգումներ կատարել կամ զարգացնել այլ տեսակետեր, փաստարկներ, պնդումներ դրանց հիման վրա։
փիլիսոփայական էսսեի գեղեցկությունը քո գաղափարների մեջ է, իսկ լեզուն պարզապես գործիք է այդ գաղափարները հստակ փոխանցելու համար։
Քո խնդիրն է ոչ թե գրել «գեղեցիկ և հուզիչ» տեքստ, այլ ներկայացնել սեփական պնդումը պարզ, հասկանալի և հիմնավոր փաստարկների միջոցով։
Փիլիսոփայական տեքստը պետք է պաշտպանի և հիմնավորի որևէ թեզ կամ պնդում տրամաբանական ու ռացիոնալ փաստարկներով։ Այսինքն, դուք պետք է ոչ միայն ներկայացնեք հիմնավորումներ կամ փաստարկներ (A, B, C) ի պաշտպանություն ձեր թեզի (S), այլև դուրս մղեք կամ հերքեք հակափաստարկները (D, E, F)։ Դուք չեք կարող պարզապես կրկնել կամ վերարտադրել ուրիշների ասածը։
Եթե դուք հերքում եք որևէ թեզ (E), ապա պետք է ներկայացնեք հիմնավորումներ կամ փաստարկներ (D, E, F) և միաժամանակ դուրս մղեք կամ հերքեք հակափաստարկները (A, B, C)։
Թեմային առնչվող հիմնական հարցերի ու (հակա)փաստարկների առանձնացում և ուսումնասիրում
Նախնական թեզի (պնդման, փաստարկի) ընտրություն (thesis statement)։
Համոզվել, որ ընտրված թեզը փիլիսոփայական է։
«Գլոբալ տաքացումը տեղի է ունենում, որովհետև մոլորակի միջին ջերմաստիճանը վերջին հարյուրամյակում կայուն աճել է՝ ըստ չափումների»։
Գիտական պնդում՝
հիմնված է էմպիրիկ տվյալների վրա,
ապացուցվում է չափումներով, վիճակագրությամբ, կլիմայական մոդելներով,
և այն հաստատելը կամ հերքելը գիտական հետազոտության հարց է։
Փիլիսոփայական պնդումը կարող է ձևակերպվել հետևյալ կերպ՝
«Եթե գլոբալ տաքացումը գիտականորեն փաստված է, ապա զարգացած երկրները ունեն բարոյական պարտավորություն՝ նվազեցնել իրենց արտանետումները»։
«Արդյո՞ք ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվությունը կարող է հիմնավորել ներկա սերնդի ինքնսահմանափակումը»։
Փիլիսոփայական էսսեն ունի խիստ կառուցվածք, որը բաղկացած է հետևյալ տրամաբանական քայլերից:
Քայլ 1. Թեմայի կամ Թեմատիկ Ուղղության Ընտրություն Այս փուլում պետք է ուսումնասիրել թեման, առկա խնդիրները, հարցադրումները, փաստարկները և մոտեցումները։ Կարևոր է համոզվել, որ ընտրված թեզը փիլիսոփայական է։
Քայլ 2. Հստակ և Բացահայտորեն Ձևակերպված Թեզիս Պետք է անմիջապես էսսեի սկզբում հստակ ձևակերպել այն թեզը կամ տեսակետը, որը պատրաստվում եք պաշտպանել։ Թեզի ձևակերպումը պետք է լինի պարզ, հստակ և հակիրճ։ Ձևակերպումը պետք է ցույց տա, որ P-ն ճշմարիտ է, որովհետև...։
Քայլ 3. Ներածություն Ներածությունը պետք է լինի հակիրճ, բացատրի աշխատանքի կառուցվածքը, ներառի հիմնական թեզի հստակ ձևակերպումը և ներկայացնի հիմնական փաստարկների դիտանկյունները։
Քայլ 4. Սահմանումներ Անհրաժեշտ է ճշգրիտ սահմանել բոլոր հիմնական հասկացությունները, եզրույթները և գաղափարները, որոնց վրա հիմնվում է քննարկվող թեզը և ներկայացվող փաստարկները։
Քայլ 5. Փաստարկներ Ներկայացրեք հստակ և հիմնական փաստարկներ։ Դուք պետք է տարանջատեք ձեր ու այլոց փաստարկները (եթե կան)։ Փաստարկները պետք է պաշտպանվեն քայլ առ քայլ և պատճառահետևանքային կապերի վերհանման միջոցով։
Քայլ 6. Առարկություններ Պետք է քննարկել և ներկայացնել առնվազն մեկ լուրջ, հիմնավոր հակափաստարկ։ Հակափաստարկը պետք է վերլուծվի օբյեկտիվորեն և առանց կողմնակալության։ Եթե քննադատում եք փաստարկը, պետք է հստակ նշել, թե տրված փաստարկի որ քայլին կամ հատվածին է ուղղված ձեր քննադատությունը։
Քայլ 7. Պատասխաններ Հակադարձեք և պատասխանեք առկա առարկություններին ու հակափաստարկներին։ Պաշտպանեք ձեր պնդումը կամ, անհրաժեշտության դեպքում, վերանայեք կամ վերաձևակերպեք այն։
Քայլ 8. Օրինակներ Օգտագործեք մտափորձեր (thought experiments), պատկերավոր կամ տրամաբանական իրավիճակներ կամ իրական օրինակներ՝ ձեր փաստարկները փորձարկելու և դրանք պարզ ու հստակ ներկայացնելու համար։
Քայլ 9. Եզրակացություն Ցույց տվեք, թե ուր տարավ ձեզ մտքի ընթացքը։ Եզրահանգումները պետք է անմիջականորեն բխեն ներկայացված նախադրյալներից և վերլուծությունից։ Մի կրկնեք պարզապես թեզը, այլ անդրադարձեք դրա պրակտիկ-տեսական նշանակությանը և այն ընդունելու կամ մերժելու հետևանքներին։
Քայլ 10. Բովանդակային և Կառուցվածքային Գնահատում Վերընթերցեք և ստուգեք էսսեի բովանդակությունը, մտքի ընթացքը և կառուցվածքը։ Համոզվեք, որ տեքստն ունի համապատասխան տրամաբանական կառուցվածք։
Քայլ 1. Թեմայի կամ թեմատիկ ուղղության ընտրություն.
Արդյո՞ք ես բավարար չափով ուսումնասիրել եմ թեման, հիմնական հարցադրումները, փաստարկները և մոտեցումները։
Քայլ 2. Հստակ և բացահայտորեն ձևակերպված թեզիս
Արդյո՞ք ես անմիջապես էսսեի սկզբում հստակ ձևակերպել եմ այն թեզը կամ տեսակետը, որը պատրաստվում եմ պաշտպանել։
Արդյո՞ք իմ թեզի ձևակերպումը պարզ է, հստակ և հակիրճ։
Քայլ 3. Ներածություն
Արդյո՞ք ներածությունը հակիրճ է, բացատրում է աշխատանքի կառուցվածքը, ներառում է իմ հիմնական թեզի հստակ ձևակերպումը, ներկայացնում է իմ հիմնական փաստարկների դիտանկյունները։
Քայլ 4. Սահմանումներ
Արդյո՞ք հստակ կերպով սահմանել եմ թեզին և փաստարկներին առնչվող հիմնական բոլոր հասկացություններ
Քայլ 5. Փաստարկներ
Արդյո՞ք ես հստակ կերպով ձևակերպեմ եմ փաստարկները և տարանջատել իմ ու այլոց ներկայացված փաստարկները։
Քայլ 6. Առարկություններ
Եթե քննադատում եմ փաստարկը, արդյո՞ք հստակ նշել եմ, թե տրված փաստարկի որ քայլին կամ հատվածին է ուղղված իմ քննադատությունը։
Քայլ 7. Պատասխաններ
Արդյո՞ք ներկայացրել եմ ամենակարևոր առարկությունները/հակափաստարկները, որոնք կարող են հնչել իմ թեզի/տեսակետի դեմ։
Քայլ 8. Օրինակներ
Արդյո՞ք ես ներկայացրել եմ հստակ և համապատասխան օրինակներ (կամ մտափորձեր), որոնք իրականում աջակցում են իմ արգումենտին և ցույց տալիս, թե ինչպես է այն աշխատում գործնականում։
Քայլ 9. Եզրակացություն
Արդյո՞ք իմ եզրակացություն բխում է տեքստից (վերլուծությունից)։
Արդյո՞ք ներկայացված նախադրյալներից և (հակա)փաստարկներից անմիջականորեն բխում է ներկայացված եզրահանգումը։
Քայլ 10. Բովանդակային և կառուցվածքային գնահատում
Արդյո՞ք ես իմ էսսեի առնվազն երկու երրորդը նվիրել եմ սեփական փաստարկների և/կամ վերլուծության ներկայացմանը։
Արդյո՞ք այն համապատասխանում է ներկայացվող կառուցվածքին։
Փիլիսոփայական էսսեների մրցույթը կապահովի սովորած գիտելիքի կիրառումը։
Մրցույթի առաջարկվող թեմատիկ ուղղությունները համապատասխանում են ծրագրի երեք հիմնական բլոկներին.
Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն։
Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն։
Էթիկա, պատասխանատվություն և ապագա։
Ծավալը. Էսսեի ծավալը կարող է կազմել 3-8 էջ (MS Word, A4, 2mm)։
Վերջնաժամկետը. Աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 12, 2025թ (ներառյալ)։
Բովանդակային Պահանջ. Ներկայացվող վերլուծությունը պետք է կազմի աշխատանքի հիմնական բովանդակության առնվազն 50% -ը։ Դուք պետք է Ձեր էսսեի առնվազն երկու երրորդը նվիրեք սեփական փաստարկների և/կամ վերլուծության ներկայացմանը։
ԱԻ-ից օգտվելը խրախուսվում է, սակայն բացառապես սահմանափակ դեպքերում.
Թեմատիկ ուղղության, թեզի, առկա փաստարկների, մոտեցումների ուսումնասիրում։
Անհրաժեշտ գրականության հայտնաբերում։
ԱԻ-ից ուղիղ մեջբերում կատարելու մեկ հնարավորություն՝ հղում տալով օգտագործված երկխոսության/ռեսուրսին։
Գնահատումը կիրականացվի հետևյալ չափանիշներով.
Թեզի ներկայացվածությունը, ուսումնասիրվածությունը և վերլուծված լինելը։
Փաստարկների կառուցվածքը։
Առարկությունների և հակափաստարկների ներկայացված և վերլուծված լինելը։
Տրամաբանական կառուցվածքի պահպանումը։
Լեզվի հստակությունը (հասկացությունների, եզրույթների ներկայացումը, ընդհանուր ընթեռնելիությունը)։
Տեխնիկական չափանիշների պահպանումը։
Ձեզ ենք ներկայացնում էսսեների մի քանի հաջող օրինակներ՝